National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
26.06.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են «ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
1 / 7

Հունիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել է քննարկվել «ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ եւ ՀՀ կառավարության անդամներ:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ Ազգային ժողովը քննարկումների բավական հագեցած ժամանակացույց է նախատեսել, որոնց ընթացքում կներկայացվեն պետական բյուջեի կատարման գործընթացի մակրոմիջավայրը եւ կմանրամասնվեն հաշվետու տարվա սոցիալական, տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները եւ արձանագրված արդյունքները, ինչպես նաեւ կներկայացվեն ոլորտային ծրագրերի կատարողականի արդյունքները:

Պարոն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետեւողականորեն շարունակում է ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման աշխատանքները, ինչը ենթադրում է, որ թե՛ բյուջետային ծրագրերը, թե՛ դրանց կատարողականները պետք է ներկայացվեն՝ աստիճանաբար ավելի մեծ շեշտադրումներ կատարելով արդյունքային ցուցանիշներին:

Վարչապետի խոսքով՝ տնտեսության հետագա զարգացման հիմքերի ստեղծման նպատակով 2016 թվականին սկսվել եւ շարունակվում են քննարկումները, որոնք հիմնականում իրենց արտացոլումը գտել են կառավարության ծրագրում եւ առաջիկայում կլինեն միջնաժամկետ ծախսերի ծրագրում ու ՀՀ պետական բյուջեի նախագծում:

Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ խորհրդարանում կծավալվեն կառուցողական քննարկումներ, կարվեն առաջարկներ, որոնք կառավարությունը հաշվի կառնի իր կարճաժամկետ եւ միջնաժամկետ ծրագրերում, ինչն, անկասկած, կնպաստի պետական ֆինանսների առավել արդյունավետ կառավարմանը:

«2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությամբ (հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, բյուջետային եկամուտներ ձեւավորում, հարկային եւ մաքսային քաղաքականություն, ծախսեր եւ պակասուրդ) ելույթ է ունեցել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` ներկայացնելով 2016 թվականին արձանագրված մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները: Ըստ այդմ՝ 2016 թվականին տնտեսության զարգացման միտումները նախորդ տարվա համեմատ դանդաղել են. տնտեսական աճը կազմել է 0.2%՝ կրելով հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների, մետաղների միջազգային գների նվազման, Ռուսաստանից ներհոսող դրամական փոխանցումների կրճատման եւ դրա արդյունքում տնօրինվող եկամուտների դեռեւս ցածր մակարդակի ազդեցությունը:

2016 թվականին` 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է ՀՆԱ-ի 0.2% աճ, ինչը զիջում է նախորդ տարվա ցուցանիշը 2.8 %-ային կետով: Ընդ որում՝ ՀՆԱ-ի աճին դրականորեն են նպաստել արդյունաբերության (0.8 %-ային կետ) եւ ծառայությունների (1.9 %-ային կետ) ճյուղերը, իսկ գյուղատնտեսությունը (-1.0 %-ային կետ) եւ շինարարությունը (-1.0 %-ային կետ) տնտեսական աճի վրա ունեցել են բացասական ազդեցություն: 2016 թվականին միջին ամսական անվանական աշխատավարձը 2015 թվականի նկատմամբ աճել է 2.3%-ով` կազմելով 188851 դրամ: Իրական աշխատավարձը 2015 թվականի համեմատ աճել է 3.7%-ով, իսկ աշխատուժի արտադրողականությունն իրական արտահայտությամբ աճել է 6.8%-ով:

Արտաքին ապրանքաշրջանառությունը 2016 թվականին կազմել է 5075.3 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատ աճելով 7.4%-ով:

2016 թվականին ՀՀ արտաքին առեւտրի աշխարհագրությունը փոխվել է հօգուտ ԵԱՏՄ երկրների: 2016 թվականի արտաքին առեւտրաշրջանառության 30.4%-ը բաժին է ընկել ԱՊՀ (որից 27.8%-ը՝ ԵԱՏՄ), 24%-ը` ԵՄ եւ 45.6%-ը՝ այլ երկրներին: ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության մեջ ԵԱՏՄ երկրների կշիռը նախորդ տարվա նկատմամբ աճել է 1.9 տոկոսային կետով, ինչը հիմնականում պայմանավորվել է դեպի այդ երկրներ արտահանման 53% աճով (հիմնականում՝ Ռուսաստան):

2016 թվականի արդյունքներով պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 23.1%-ը՝ նախորդ տարվա 23.2%-ի դիմաց, իսկ հարկերը եւ տուրքերը? ՀՆԱ-ի 21.3%-ը՝ նախորդ տարվա 21.2%-ի դիմաց: Նախորդ տարվա նկատմամբ պետական բյուջեի եկամուտների անվանական աճը կազմել է 0.3%, իսկ հարկերինը եւ տուրքերինը` 1.1%:

ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի ծախսերի ցուցանիշը 2016 թվականի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 0.6 %-ային կետով՝ կազմելով 28.6%: Ծախսերի աճին նպաստել են հիմնականում ընթացիկ ծախսերը` աճելով 3.5%-ով (նպաստումը` 3 տոկոսային կետ), իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն աճել են 1.7%-ով` ծախսերի աճին նպաստելով 0.2 տոկոսային կետով:

Պետական բյուջեի պակասուրդը 2016 թվականին կազմել է ՀՆԱ-ի 5.5%-ը` նախորդ տարվա 4.8%-ի համեմատ: Պակասուրդի ֆինանսավորման 61.4%-ը կատարվել է արտաքին աղբյուրների միջոցների ներգրավմամբ, որով պայմանավորված` 2016 թվականին արտաքին պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 45.9%` նախորդ տարվա 41.5%-ի համեմատ: Արդյունքում կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 51.9%, իսկ պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը` 56.7%:

2016 թվականին պետական բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 1171.1 մլրդ դրամ, որոնք 91.6% ով ապահովել են ճշտված ծրագրի կատարումը եւ 0.3%-ով կամ շուրջ 3.4 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա փաստացի ցուցանիշը: Ստացված եկամուտներից 1139.7 մլրդ դրամը կազմել են ներքին աղբյուրներից ստացված եկամուտները, 31.4 մլրդ դրամը՝ պաշտոնական դրամաշնորհները, որոնց ծրագիրը կատարվել է համապատասխանաբար 92.2%-ով եւ 73.1%-ով:

«ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ Վերահսկիչ պալատի եզրակացությունը՝ ներկայացրել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը, իսկ ՀՀ Կենտրոնական բանկի եզրակացությունն ու ՀՀ Կենտրոնական բանկի 2016թ. վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների կատարման հաշվետվությունը ՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը նշել է, որ ՎՊ եզրակացությունը բաղկացած է երկու մասից. առաջինում տրված է փաստաթղթի արժանահավատության գնահատականը, իսկ երկրորդ մասով ներկայացվել են առաջարկություններ:

Վերահսկիչ պալատի նախագահի խոսքով՝ վերջին տարիներին ՀՀ կառավարության արձանագրած դրական բարեփոխումների հարցում էական ազդեցություն են ունեցել նաեւ Վերահսկիչ պալատի առաջարկությունները:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ 2016թ-ի տնտեսական ակտիվությունը դանդաղել էր` պայմանավորված գյուղատնտեսության եւ շինարարության ճյուղերի իրական ծավալների նվազմամբ: Տարվա արդյունքով տնտեսական աճը կազմել է 0.2 տասնորդական տոկոս, նախորդ տարվա 3 տոկոսի եւ տարվա համար կանխատեսված 2.2 տոկոսի դիմաց, այդուհանդերձ, դրական զարգացումներ են արձանագրվել արդյունաբերության ու ծառայությունների ճյուղերում, որոնց իրական աճը կազմել է համապատասխանաբար 5.1 տասնորդական եւ 4.1 տասնորդական տոկոս:

Արթուր Ջավադյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսական ակտիվության դանդաղեցումը պայմանավորված է եղել վերջին տարիների ընթացքում ներքին եւ օտարերկրյա ներդրումների կրճատմամբ, պղնձի եւ այլ հումքի միջազգային գների, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությունից դրամական փոխանցումների նվազմամբ:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է նաեւ 2016թ. ՀՀ Կենտրոնական բանկի վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների կատարման հաշվետվությունը:



27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am